Կախազարդեր Սևանի Արմաթ լաբորատորիայի սաների կողմից
Հիմնված է: 14-07-2021Արմաթ լաբորատորիաներում, բացի ինժեներական կրթությունը, երեխաները ձեռք են բերում նաև այլ հմտություններ։ Կարևոր հմտություններից է նաև սեփական արտադրանքի վաճառքն իրականացնելը։ Լավ օրինակ է Սևանի Արմաթ լաբը, որի սաները պատրաստում են մեքենայի պետհամարանիշներով, անվանական, ինչպես նաև տարբեր թեմատիկաներով կախազարդեր։ Արտադրանքը, այնուհետև, հանում են վաճառքի, իսկ վաճառքից ստացված հասույթն ուղղում են լցանյութի ձեռբերմանը՝ հետագայում այլ արտադրանքների ստեղծման ժամանակ օգտագործելու համար։
Լաբորատորիայի հաջողությունները բազմաթիվ են և դրանք կերտվել են յուրաքանչյուր սանի անմիջական մասնակցությամբ ,պատասխանատու աշխատանքով։ Խոսելով հաջողությունների մասին՝ չենք կարող չնշել, որ դրանց հիմքում ընկած է մեկ բանաձև. այստեղ աշխատում են ջանասիրաբար ու գործում՝ որպես մեկ մեծ ընտանիք, որտեղ կա միմյանց հանդեպ հարգանք և փոխօգնություն։
«Վերջին շրջանում Սևանի լաբորատորիան մասնակցել և մրցանակային տեղեր է գրավել թե՛ RobotX -ում, թե՛ Digicode -ում: Հատկապես հաջողություններով աչքի ենք ընկնում եռաչափ մոդելավորման ոլորտում, քանի որ մեր աշխատանքները իրենց բնույթով ֆունկցիոնալ են, որակյալ ու մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում։ Մենք էլ մեր հաջողության գաղտնիքը կապում ենք այն բանի հետ, որ ամեն մի աշխատանքին փորձում ենք նոր շունչ տալ, այն դարձնել շատ ավելի ֆունկցիոնալ, ինֆորմացիոն։ Մենք մեր հաջողությունները այս ոլորտում խորացնելու համար մշակում ենք բազմաթիվ կրեատիվ միջոցներ, որոնք մեր աշխատանքներին մեծ շունչ են տալիս։
Փորձում ենք մեր աշխատանքները դարձնել շատ ավելի հետաքրքրաշարժ` դրանց կցելով, օրինակ, Qr կոդեր։ Այսինքն, մեր հաջողության հստակ բանաձևն այն է, որ բացի քայլ-քայլ մեր աշխատանքները բարդացնելը ու նորարություններ ներմուծելը` մենք փորձում ենք դրանց յուրօրինակություն հաղորդել»,- ասում է Հասմիկ Առաքելյանը` Սևան քաղաքի Արմաթ լաբորատորիայի խմբավարը: