Դիլիջանում ամփոփվեցին «Արմաթ» ամառային տեխնոճամբարի երկրորդ հոսքի արդյունքները
22-07-2019
Հուլիսի 10-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի երկրորդ մասը՝ նախատեսված 14-17 տարեկան երեխաների համար։ 200-ից ավել աշակերտ և 13 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։ Ճամբարին մասնակցող աշակերտների թվում կային նաեւ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ժամանած պատանիներ։
«Արմաթ» տեխնոճամբարի ընթացքում դպրոցականները նախապես կազմված թիմերով սովորեցին RaspberryPi հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ՝ օգտագործելով python ծրագրավորման լեզուն, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ, շարժիչների ղեկավարում, հեռաչափերի կիրառում, պոտենցիոմետր և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել եւ ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու Robotex Armenia մրցույթի չափանիշներին համապատասխանող եւ խնդիրներին լուծում գտնող ռոբոտ։
Մասնակիցներից շատերը տիրապետում են C++ եւ JavaScript լեզուներին, սակայն անգամ նրանց համար խնդրի լուծումը համարվում է ոչ մատչելի։ Արդյունքում, աշխատելով վերոնշյալ խնդրի լուծման ուղղությամբ մասնակիցները ստանում են հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի մուտք գործել բարձր տեխնոլոգիական ոլորտ՝ համալրելով աշխարհի տեխնոլոգիական ոլորտում առկա մասնագիտական բացը։
Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային, սպորտային եւ ժամանցային բաղադրիչներ։ Կազմակերպվել է հայրենաճանաչությանն ուղղված արշավ դեպի Մաթոսավանք ու Ջուխտակ վանք, որն առաջնորդել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական ազգային պարեր Գագիկ Գինոսյանի հետ, ինչպես նաեւ ծանոթացան հետախուզական ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից կազմակերպվող «Ողջ մնալու արվեստ» դասընթացին: Երեխաներին այցելեց «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչը, ով «Շտիգեն Քիդս» ծրագրի շրջանակներում ներկայացրեց վերականգնվող էներգիայի վերաբերյալ դասախոսություն։
«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ եզրափակիչ մրցույթ, որի ընթացքում թիմերը պետք է լուծեին հետևյալ խնդիրները. ռոբոտը պետք է հետեւեր ճանապարհային հետագծերին, վերցներ պայմանական աղբարկղը և տեղադրեր այն ռոբոտի ձեռքի միջոցով, պայմանանական կայանում իրականացներ հատկացված վայրերում և անցներ լուսացույցով հագեցած խաչմերուկը՝ կանաչ լույսի առկայության դեպքում։ Խնդիրը պետք էր լուծել միայն ավտոմատ կառավարմամբ. թիմը մեկնարկից հետո չպետք է միջամտեր ռոբոտի կառավարմանը։ Օգտագործվել էին Arduino և Սեռոբ պլատֆորմաները, C++ ու Snap ծրագրավորման լեզուները։
Մրցույթին մասնակցած 13 թիմերից հաղթող ճանաչվեց 6-րդ թիմը, որի կազմում կային սաներ Ագարակի, Աշնակի, Արտենու, Ռանչպարի, Արագածի Արմաթ ինժեներեկան լաբորատորիաներից։ Թիմի պատրաստած ռոբոտը կարողացավ լուծել դաշտում առկա գրեթե բոլոր խնդիրները և հավաքեց ամենաշատ միավորները, ինչից հետո «UCom» ընկերության կողմից թիմի բոլոր անդամները ստացան խելացի ժամացույցներ։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Հայկ Սարգսյանն Աշնակից ստացավ էլեկտրական սկուտեր, իսկ թիմի խմբավարը ՝ ջոկատավար Սլավիկ Իսրաելյանը՝ պլանշետ։
Երկրորդ հորիզոնականում չնչին միավորների տարբերությամբ աչքի ընկավ 13-րդ ջոկատը, որտեղ հավաքված էին Արմաթի սաներ Նորատուսի ու Գավառի լաբորատորիաններից։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Վահե Դավթյանը «UCom» ընկերության կողմից ստացավ խելացի ժամացույց, իսկ թիմի մյուս անդամները 16GB USB stoarge հիշողության սարքեր ԱՏՁՄ կողմից։ Երկրորդ թիմը խնդիրը լուծել էր Arduino (C++) պլատֆորմի միջոցով և լավագույնն էր կատարում խաչմերուկների անցումը։
Ճամբարին մասնակցում էին հետևյալ համայնքների դպրոցականները՝
Երևան, Արմավիր, Ռանչպար, Նորակերտ, Դամալա, Քարվաճառ, Արտենի, Ագարակ (Սյունիք), Ագարակ (Արագածոտն), Մաստարա, Աշնակ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիլիջան, Սոթք, Ճամբարակ, Գավառ, Նորատուս, Ակունք, Գյումրի, Սարատակ, Հայկավան(Շիրակ), Վահրամաբերդ, Հադրութ, Քաջարան, Կովսական, Ասկերան, Մարտակերտ, Սոս, Լորուտ, Արևածագ, Մեծ Այրում, Վանաձոր, Այգեպար, Չորաթան, Իջևան, Արտաշատ, Հարթավան, Լուսագյուղ, Բերձոր, Մարտունի (Արցախ), Իշխանաձոր, Վարդենիս, Դրախտիկ, Վահան, Կաթնաղբյուր, Ապարան, Բերդավան, Ներքին Ծաղկավան, Լուսագյուղ, Հարթավան, Հեշտիա (Ջավախք), Թումանյան:
Այս տարվա ճամբարի իրականացման հարցում ԱՏՁՄ-ին աջակցել են՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), Instigate Mobile ընկերությունը, Cronimet Mining AG ընկերությունը, UCom ընկեերությունը, Սահման ՀԿ-ն, «Արցախբանկ» ընկերությունը, World Vision Armenia ընկերությունը։