Առցանց քարտեզներ կարդալու ու պատկերներ մշակելու վեբինար «Արմաթի» սաների ու խմբավարների համար
26-05-2020
«Ինստիգեյթ» ընկերության ռուսաստանյան գործընկերների կողմից ստացված առաջարկի արդյունքում մայիսի 19-ին «Արմաթի» 100-ից ավել խմբավարներ և սաներ մասնակցեցին «Прозрачный мир» շահույթ չհետապնդող կազմակերպության ու «LoReTT» ընկերության կողմից իրականացված վեբինարին։
Վեբինարի ընթացքում «Արմաթ» համայնքի ներկայացուցիչները սովորեցին, թե ինչպես կարելի է ընթերցել տարբեր տեսակի անտառապատ տարածքները՝ մինչև 5 մետր թվային խոշորացման ենթակա քարտեզներից.
- անտառային/կանաչ ծածկույթներ,
- գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ,
- կադաստրային գոտիներ,
- ջրային տարածքներ,
- հրդեհային տարածքներ։
Նշենք, որ առավել հայտնի Google ու Yandex համակարգերի քարտեզները ընդամենը մինչև 70 մետր խոշորացման սահման ունեն։
«Այս նախագծի հաջող իրականացումը հսկայական կիրառական նշանակություն է ունենալու։ Ս․ Պետերբուրգում մեր գործընկերները նմանատիպ նախագիծ արդեն իրականացնում են դպրոցականների հետ։ Առաջարկվում է արմաթցիներին տրամադրել Հայաստանի տարածքի պատկերներ, որտեղ աշակերտները ձեռքով կնշեն ծառապատ տարածքները, փոփոխությունները, և սա կարող է բավականին լուրջ հիմք հանդիսանալ անտառների վերահսկման, անտառատնկման հետ կապված որոշումների համար, քանի որ Հայաստանի անտառների ամբողջական պատկերը դեռևս հստակ չէ։ Հետագայում պատկերների ձեռքով հավաքումը փոխարինվելու է արհեստական բանականության լուծումներով։ Սա կարող է լինել Արմաթի հերթական հաջող և շատ պահանջված նախագիծը, որն ի դեպ, կարելի է իրականացնել նաև այլ երկրների համար», - նշում են վեբինարի կազմակերպիչները։։
Հավանական է այս կրթական նախագծի հետագա ներառումն «Արմաթ» ինժեներական լաբորատորիանների ծրագրում։
Կարող եք դիտել հոլովակը հետևյալ հղմամբ։