Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթ 2017
Մրցույթը հայտարարել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Հայտագրվել էր շուրջ 20 թիմ Երևանի և մարզերի դպրոցների «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից։ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների պատրաստած ինքնուրույն ղեկավարվող ռոբոտը լավագույնս կատարել է իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթի պահանջներն ու արժանացել առաջին մրցանակի։
Մասնակից թիմերը մրցույթին պատշաճ ներկայանալու և ցանկալի ռոբոտը պատրաստելու համար պատվիրել ու ստացել են որոշակի դետալներ, 3 ամիս տված աշխատանքից հետո եզրափակիչ փուլ են անցել 10-12 թիմ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից ու մայրաքաղաք Երևանից։ Մրցույթի մասնակիցների առջև խնդիր էր դրվել պատրաստել ռոբոտ, որը ղեկավարվում է ինքնուրույն՝ առանց անձի միջամտության։ Ռոբոտը դաշտում պետք է տարբերակեր եռանկյունաձև, գնդաձև և խորանարդի տեսքով իրերը՝ ըստ երեք գույների, վերցներ դրանք ու տեղափոխեր դաշտի համապատասխան մասում տեղակայված պահեստավայրը։ Յուրաքանչյուր գործողության համար սահմանվել են տարբեր միավորներ։ Արդյունքում հաղթել են արծվաբերդցիները, երկրորդ տեղում է Սևանի ավագ դպրոցի թիմը, երրորդում՝ Վանաձորի 5-րդ ավագ դպրոցի թիմը։