• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Ծրագրի նկարագրություն

 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: ԱՏՁՄ-ն սկսել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացը արտերկիր:
2022թ․-ի տվյալների համաձայն Հայաստանի, (այդ թվում Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 626 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 17,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։

Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ծրագիրն արդեն տալիս է իր արդյունքները։ Ըստ Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ի գնահատականի սաների

  • 84%-ն ընդունվել է ԲՈՒՀ
  • 39%-ն աշխատում է և սովորում
  • աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման մեջ, 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացած մասը կատարում է ինժեներական և տեխնիկական աշխատանքներ
  • աշխատանք ունեցողների 12%-ը հիմնել են ստարտափներ
  • աշխատանք գտած կամ ստարտափ հիմնած աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 50-ից 300 հազար ՀՀ դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561 ՀՀ դրամ։

 
Մեր նպատակները՝

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: 

Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,300 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով:

Նախագիծն՝ իր ակնկալվող լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ, հարում է ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և կրթության ազգային ռազմավարություններին: 

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարևորագույն արդյունքներն են. 

  • Տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում,
  • Տարածաշրջանային զարգացում, քանի որ ծրագիրն իրականացվում է ամբողջ հանրապետության տարածքում,
  • Ձեռնարկատիրական մշակույթի սերմանում,
  • Հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում
  • Դպրոցական համակարգ-աշխատաշուկա-բուհական համակարգ-աշխատաշուկա կապի ստեղծում և հզորացում,
  • Դեմոգրաֆիական վիճակի բարելավում՝ ֆինանսական խթանների տրամադրման շնորհիվ վերարտադրողական տարիքի նվազեցման միջոցով և արտագաղթի զսպման միջոցով,
  • Ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապ,
  • Նոր որակի առաջնորդների և ձեռներեցների կրիտիկական զանգվածի ձևավորում: 
Տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ նմանատիպ լայնամասշտաբ նախաձեռնության իրականացումը կբերի համաշխարհային ասպարեզում Հայաստանի դիրքերի էական բարձրացմանը՝ որպես գիտելիքահեն երկիր: 
 

Մրցանակներ՝

  • Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» մրցանակ
  • Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակ
  • Երևանում կայացած "Eurasian Week" միջազգային ֆորումի մրցանակաբաշխության Նոկիա ընկերության մրցանակ

    Armath WITSA Merit Award


 Արմաթի ապրանքանիշի գրքույկը

Սարքավորումներ և ծրագրեր

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում օգտագործվում են ժամանակակից ծրագրեր և սարքավորումներ․

Ինժեներական լաբորատորիան ներառում է: Արմաթ Լինուքս օպերացիոն համակարգ, Եռաչափ տպիչ, Թվային կառավարման CNC շաղափային և լազերային հաստոց, «ՍԵՌՈԲ» ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածու, Այգեստան մինի համակարգիչներ, Աղուէս, Կրիայ

Արմաթ Լինուքս օպերացիոն համակարգ

Արմաթ «Փայ» -ը հիմնված է Linux/Debian Raspbian-stretch օպերացիոն համակարգի վրա։ Օպերացիոն համակարգը հատուկ ստեղծվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար ՆԱԻՐԻ Համընկերության կողմից։ Օպերացիոն համակարգի միջերեսը /interface/ և ծրագրային ապահովումը/software packages/ հայերեն է և ադապտացված է հայ աշակերտների համար։
Լինուքսը բաց կոդով օպերացիոն համակարգ է, որը հանդիսանում է Windows օպերացիոն համակարգի այլընտրանք։ Ի տարբերություն Windows-ի՝ այն, ինչպես նաև նրա համար ստեղծված ծրագրերի մեծամասնությունը անվճար է:

 

Եռաչափ տպիչ

Թվային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել ցանկացած առարկաների և դետալների եռաչափ մոդելներ։ Աշակերտներն իրենց կողմից մոդելավորած առարկաները և դետալները կարող են տպել եռաչափ տպիչի միջոցով, դրա միջոցով նրանք կարող են  պատրաստել և հավաքել նոր եռաչափ տպիչներ, տպել  կաղապարներ և պատյաններ մինի համակարգիչների համար, ինչպես նաև առօրյայում օգտագործվող այլ սարքեր և իրեր։

Թվային կառավարման CNC շաղափային և լազերային հաստոց

Այն կատարում է փորագրություն փայտի, ֆաներայի, օրգանական ապակու ABS և այլ նյութերի վրա՝ համապատասխան համակարգչային ծրագրով նախօրոք կատարված մոդելավորման հիման վրա (տեքստ, առարկա, դետալ և այլն): Այս հաստոցը թույլ է տալիս աշակերտներին ձեռքբերել փորձ տարրական ճարտարագիտության և մոդելավորման ոլորտում, և կարողանալ ստանալ արտադրական պրոցեսում օգտագործվող իրեր և դետալներ։

«ՍԵՌՈԲ» ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածու

Այս հավաքածուն հնարավորություն է տալիս՝

 - սովորել և ուսուցանել ռոբոտաշինության հիմնական սկզբունքները,
 - կատարել պրոցեսների ավտոմատացում,
 - ծրագրավորել և լուծել տարբեր ինժեներական խնդիրներ,
 - անցկացնել հանրապետական ու միջազգային մրցույթներ և մասնակցել միջազգային ռոբոտաշինության միջոցառումներին:

Այգեստան մինի համակարգիչներ

Այս մինի համակարգիչները հավաքվում են Հայաստանում, ծավալով փոքր են, կարող են միանալ համացանցին (LAN և WI-FI): Նրանք նախատեսված են Աղուէս, Կրիայ և այլ համակարգչային ծրագրավորման լեզուների ուսուցման համար:
Մինի համակարգիչները ծրագրավորելուց հետո կարող են հանդիսանալ նաև ռոբոտների ղեկավարման բլոկ:

Աղուէս

Աղուէս-ը գրաֆիկական և վիզուալ ծրագրավորման միջավայր և գործիք է, որի միջոցով երեխաները ստեղծում են խաղեր, անիմացիաներ, ինտերակտիվ արվեստ, ինչպես նաև համացանցում կիսվում են իրենց խաղերով ուրիշների հետ։ Աղուէս-ը Scratch ծրագրի ադապտացված միջավայրն է, որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Այն նպաստում է սովորողների ալգորիթմական մտածելակերպի զարգացմանը, ստեղծագործ մտքին և հեշտ յուրացվում է։ Ծրագիրը համալրված է տարբեր էլեկտրոնային սարքերի հետ աշխատող մոդուլներով, որը թույլ է տալիս սահուն անցում կատարել վիրտուալ ռոբոտներից իրականին։

Կրիայ

«Կրիայ» կրթական ծրագիրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Logo կրթական ծրագրավորման միջավայրի հայաֆիկացված ադապտացիան է: Այն սովորեցնում է ճիշտ գրել հրամանները, հստակ պատկերացնել կոորդինատային համակարգերը: Հարմար գործիք է աշակերտներին մաթեմատիկայի, երկրաչափության և ծրագրավորման տարրական գիտելիքներ ուսուցանելու համար։ Խնդիրները, որոնք առաջադրվում են այս համակագում, պահանջում են երկրաչափության և հանրահաշվի գիտելիքներ, և խնդրի լուծմամբ պայմանավորված՝ աշակերտները սովորում են նաև տեսական մասը:
Կրիայի ամենակարևոր հատկությունն այն է, որ այն ունի հնարավորություն այլագրի հրամանները փոխակերպել նշագրման լեզվի(HTML), իսկ ստացված արդյունքը կետային կամ թափանցիկ պատկերի( SVG, PNG)։

Գործողությունների ծրագիր

Ծրագրի ընթացքը բաղկացած է 5 փուլերից`

I փուլ - Խմբակի վայրի և խմբակավարի ընտրություն

II փուլ - Խմբակավարի վերապատրաստում (4 փուլով)

III փուլ - «Արմաթ» լաբորատորիայի տեղադրում

IV փուլ - Ծրագրի ներդրման ընթացքի վերահսկում (մոնիթորինգ) և խորհրդատվություն

V փուլ - Խմբակում ընդգրկված երեխաների մասնակցություն մրցույթներին, ցուցահանդեսներին և ճամբարներին

1փուլ

Խմբակի վայրի և խմբակավարի ընտրություն

Խմբակ ստեղծելու համար նախատեսվում է այցելել լաբորատորիայի տեղակայման ուսումնական հաստատություն (վայր), տեղում ծանոթանալ տեխնիկական հնարավորություններին, մարդկային ռեսուրսի պոտենցիալին, հանդիպել հաստատության ղեկավարի և խմբակավարի թեկնածուների հետ: Այցելության արդյունքում կընտրվի լավագույն ուսուցիչ-խմբավար:

2փուլ

Խմբակավարի վերապատրաստում (4 փուլով)

Նախատեսվող խմբակում բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցչին (խմբավարին): Վերապատրաստման և վարժանքի ընդհանուր տևողությունը կկազմի 4 փուլ, յուրաքանչյուր փուլը 4-5 օր տևողությամբ, ընդհանուր 6-7 ամսվա ժամանակահատվածի ընթացքում: Այդ ընթացքում ուսուցիչը կծանոթանա «Աղուէս», «Կրիայ» համակարգչային ծրագրավորման միջավայրերին, Ռոբոտ կոնստրուկտորի հետ աշխատելու հմտություններին, կտիրապետի եռաչափ մոդելավորմանը, եռաչափ տպիչի ու CNC շաղափային հաստոցի հետ աշխատելու ունակություններին:

3փուլ

«Արմաթ» լաբորատորիայի տեղադրում

Այս փուլում իրականացվում է լաբորատորիայի մեջ մտնող գույքի և սարքավորումների տեղադրում, կարգաբերում: «Արմաթ»-ում կարևորում ենք շրջված դասարանի գաղափարը և լաբորատորիայի դասավորվածությունը օգնում է խթանել թիմային աշխատանքն աշակերտների շրջանում։

«Արմաթ» լաբորատորիայի տեղադրման ընթացքում իրականացվում է դպրոցի երեխաներին ծրագրի ներկայացում և ծանոթացում լաբորատորիայի աշխատանքներին:

Այստեղ կարող եք տեսնել Արմաթ լաբորատորիայի տեղադրման և դասավորման հիմնական ձևաչափերը։

4փուլ

Ծրագրի ներդրման ընթացքի վերահսկում (մոնիթորինգ) և խորհրդատվություն

Ծրագրի շրջանակներում խմբակը ձևավորելուց հետո նախատեսվում է իրականացնել ծրագրի ներդրման ընթացքի վերահսկում (մոնիթորինգ), այցելությունների և տեղերում դիտարկումներ կատարելու միջոցով: Խմբակի աշխատանքների ընթացքում իրականացվում է մասնագիտական և կազմակերպչական խորհրդատվություն և օժանդակություն: Այն կրելու է շարունակակն բնույթ:

5փուլ

Խմբակում ընդգրկված երեխաների մասնակցություն մրցույթներին, ցուցահանդեսներին և ճամբարներին

Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ.

Մրցույթներ.

  • «Դիջիկոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթ, 
  • «Գծին հետևող ռոբոտների» մրցույթ,
  • «Իրեր գտնող, տեղափոխող և դասակարգող ռոբոտների» մրցույթ, 
  • «Ական փնտրող ռոբոտների» մրցույթ, 
  • «Լաբիրինթոսից դուրս եկող ռոբոտների» մրցույթ, 
  • Եռաչափ մոդելավորման մրցույթ,
  • «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթ,

Ցուցահանդեսներ.

  • «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես,
  • Կրթական ցուցահանդեսներ, և այլն:

Ճամբարներ.

  • «Արմաթ տեխնոլոգիական ճամբար» 10-17 տարեկանների համար,
  • «Դիջիքեմպ նորարական գաղափարների ճամբար» 15-17 տարեկանների համար:
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից