Եռաչափ մոդելավորում/2018
Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից:
«Ռոբոտներ եւ Ռոբոտատեխնիկա», «Մեխանիզմներ եւ մեքենաշինություն», «Հայկական պատմամշակութային հուշակոթողներ» անվանակարգերում ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան համապատասխանաբար Ճամբարակի ավագ, Գավառի թիվ 5 հիմնական եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցների սաները:
Խրախուսական մրցանակի են արժանացել Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի արմաթցի սաները:
Երրորդ եւ երկրորդ մրցանակային հորիզոնականում են Արցախի ՏՏ կենտրոնի եւ Կարճաղբյուրի «Արմաթ» լաբորատորիաների սաները:
Մրցույթի հաղթող ճանաչվեցին Երևանի «Ղողանջ» կենտրոնի և Ավետիսյան դպրոցի սաներ Սամվել Բաբլոյանը, Արշակ Պողոսյանը եւ Ալեքս Մնացականյանը իրենց ստեղծած «Ամենագնաց» նախագծով: Թիմի խմբավարը Հայկ Կարապետյանն է, ով ապրիլյան պատերազմից հետո ԱՏՁՄ-ի նախաձեռնած «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի մասնակից է եւ արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում է «Արմաթ»-ում:
Հաղթող թիմի անդամները Ucom ընկերության կողմից որպես մրցանակ ստացան բջջային հեռախոսներ եւ դրամական պարգեւ: Դրամական պարգեւի արժանացան նաեւ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:
Մրցույթը պահանջում էր մոդելավորել ու եռաչափ տպիչներով և/կամ շաղափային (CNC) հաստոցի միջոցով տպագրել մոդելներ՝ ռոբոտի մասեր, մեխանիզմներ կամ պատմամշակութային հուշակոթողներ: Մոդելները պետք է բաղկացած լինեն 40 մասից, պարունակեն ամենաքիչը երկու գույն:
Եռաչափ մոդելավորման մրցույթը ընթացել է բոլոր մասնակիցների միաժամանակյա աշխատանքով. եռաչափ տպիչներով և շաղափային հաստոցներով միմյանց զուգահեռ տպագրվել են պահանջվող մոդելները: Ժյուրիի անդամները ծանոթացել են դպրոցականների աշխատանքներին՝ գնահատելով վերջիններիս ինժեներական լուծումները, որակը, դիզայնը, կիրառելիությունն ու դետալների քանակը:
Ամբողջական նկարները տեսնելու համար՝ https://www.facebook.com