Robotex Armenia 2019
Նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը, որին մասնացկում էր շուրջ 40 թիմ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Եթովպիայից։
Հայաստանում մրցույթը տեղի ունեցավ առաջին անգամ։ Այն կրում էր «Խելացի քաղաք» խորագիրը։ Միջոցառման նպատակը ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրության խրախուսումն ու հանրահռչակումն է, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:
Ժյուրիի կազմում էին ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Կառլ-Տանել Պաեսը (Robotex միջազգային միավորում), Հայկ Զարգարյան (Ucom)։
«Այսուհետ Հայաստանը հանդես կգա որպես ռոբոտաշինական մրցույթների կենտրոն և Robotex-ը Հայաստան հրավիրելով Միությունը կարևոր քայլ է անում մեր երկիրն այդ ուղղությամբ ճանաչելի դարձնելու համար։ Հայաստանը ներկայացնող թիմերը գերազանցապես բաղկացած են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներից, ինչը խոսում է գործածվող տեխնոլոգիայի արդյունավետության մասին ու ոգևորում է ոչ միայն մեզ, այլև մեր արտասահմանյան գործընկերներին», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։
Առաջին մրցանակին արժանացել է Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի Digital Cloud թիմը, երկրորդ մրցանակին՝ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի «Ադանա» թիմը, երրորդ մրցանակին՝ Իջևանի թիվ 5 դպրոցի «Հանճար» թիմը։
Մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը նորագույն սերնդի HTC Smartphone-ներ նվիրեց առաջին եւ երկրորդ տեղը գրաված թիմերի բոլոր անդամներին, անլար JBL ականջակալներ՝ երրորդ տեղը գրաված թիմի ներկայացուցիչներին, ինչպես նաև Samsung և Huawei մակնիշի պլանշետներ հաղթած թիմերի խմբակավարներին։
Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։