Արմաթը Դիջիթեք 2023 ցուցահանդեսին
ԴիջիԹեքյան օրերը կարևոր իրադարձություններով լի էին նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների համար․ ստորագրվեց 2 կարևոր հուշագիր։ Նախ հուշագիր ստորագրվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի միջև՝ դպրոցի և «Արմաթ»-ի միջև կապն ամրապնդելու և զարգացնելու համար։ Հուշագրով դպրոցներում կօգտագործվեն «Արմաթ»-ների ենթակառուցվածքներն ու կփոխկապակցվեն դպրոցական ընդհանուր ծրագրին:
Եվս մեկ հուշագիր ստորագրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի և Արթուր Սարգսյանի միջև։ Հուշագրով Արթուր Սարգսյանը, որպես նվիրատվություն, Երևանի 66 հիմնական դպրոցում կաջակցի նոր «Արմաթ» աշխատանոց բացելուն։ Դպրոցի ընտրությունը բարերարի համար հատուկ ընտրված է, քանի որ սովորել է այդ դպրոցում։
«ԴիջիԹեք-2023» այցելեցին նաև Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մեր բոլոր հյուրերն այցելեցին նաև ԱՏՁՄ-ի տաղավարում արմաթցիներին և ծանոթացան մեր պատանիների տեխնոլոգիական մտքի թռիչքին։
«ԴիջիԹեք»-ն աշխարհին լսելի դարձնելու համար առաջին անգամ Հայաստան ժամանած միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Քրեյգ Սփենսեր Սմիթը՝ Forbes-ից, Էնթոնի Քաթբերթսոնը՝ Independent-ից, Վարուն Կեսարին՝ Make Use Of-ից և Բրետ Հրեշման՝ Benzinga-ից, անդրադարձան մեր ճարտարագիտական աշխատանոցներին։ Ի դեպ, լրագրողներին Հայաստան հրավիրել աջակցեց The Crowdfunding Formula-ն։
Այս տարի արմաթցիները «ԴիջիԹեք»-ի այցելուներին են ներկայացրել էին Android համակարգով ստեղծված նախագծեր, արևային վահանակով աշխատող այգու տեսահսկման համակարգ, ձայնային մեքենա, եռաչափ տպիչով տպված «Զարմանահրաշ ժամացույց», arduino տպասալով պատրաստված սուրճի ապարատ՝ քայլային շարժիչով։