Դիջիքեմփ նորարարական ճամբար 2015
2015թ. հուլիսի 6-16 Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում տեղի ունեցավ հերթական, թվով երրորդ Դիջիքեմփը:
Դիջիքեմփ ամառային ճամբարի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին: Ճամբարին մասնակցելու համար ավելի քան 120 հայտերից ընտրվել են 44-ը, որոնք գնահատվել են ըստ ներկայացված գաղափարների և դրանց համապատասխանությանը ներկայացված չափանիշներին: Դիջիքեմփ ճամբարի բովանդակային առանցքը կազմեցին նորարար ձեռներեցության վերաբերյալ դասընթացները, հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունների ներկայացումները, մենթորների հետ գործնական աշխատանքը, ինչպես նաև մշակութային և սպորտային միջոցառումները:
Ճամբարի հենց առաջին օրը ճամբարի մասնակիցները ծանոթացան արդյունավետ պրեզենտացիաների գաղտնիքներին:
Ստացած գիտելիքները կիրառելով` մասնակիցներից յուրաքանչյուրը ընկերներին ներկայացրեց իր բիզնես գաղափարը, որի արդյունքում 44 նախագծերից հենց մասնակիցները ընտրեցին 9-ը և դրանց շուրջ թիմեր կազմավորեցին: Ճամբարի հետագա ընթացքը մասնակիցների համար անցավ թիմային աշխատանքով:
Ընտրված 9-ը նախագծերը ժյուրիի դատին հանձնելու համար թիմերը մասնակցել են նորարարական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների: Բացի դասընթացներից ճամբարի բովանդակային մասի առանցքային բաղադրիչներից էին ընկերությունների հաջողության պատմությունների ներկայացումները:
Առաջատար հայաստանյան ստարտափերի հիմնադիրներն անձամբ իրենց փորձով կիսվեցին ճամբարականների հետ, ներկայացնելով, թե ինչ մարտահրավերների են բախվել ընկերությունները և ինչպես են լուծել առաջացած խնդիրները:
«Դիջիքեմփ 2015» ճամբարն առանձնացավ հարուստ մշակութային և սպորտային իրադարձություններով:
Դիջիքեմփի տրամաբանական ավարտը տրվեց ժյուրիին բիզնես գաղափարների ներկայացմամբ և մրցանակների հանդիսավոր հանձնմամբ:
Ժյուրիի որոշմամբ LinguaCode նախագիծը ներկայացնող թիմը մրցույթում գրավեց առաջին տեղը: Թիմի գաղափարը ներկայացնում է ծրագրավորման հարթակ, որը 7-15 տարեկան երեխաներին սովորեցնում է ծրագրավորման հիմունքները: Հարթակի միջոցով երեխաներն առանց անգլերենի իմացության կկարողանան ծրագրային կոդ գրել մայրենի լեզվով:
2-րդ տեղի մրցանակին արժանացան միանգամից 4 թիմեր` G-Pulse, Tech Bag, ԱՐՏԱ և Դիմորդ: 1-ին տեղի մրցանակակիր թիմն արժանացավ 200,000 ՀՀ դրամի դրամային պարգևի, իսկ 2-րդ տեղը գրաված 4 թիմերը` 100,000 ՀՀ դրամի դրամային պարգևների: Վերջիններս նախատեսված են օգտագործելու բացառապես գաղափարների զարգացման ուղղությամբ: