Դիջիկոդ/Հունվար 2016
Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Առաջին մրցույթի համեմատ՝ այս անգամ մրցույթի առաջադրանքներն ավելի բարդ էին, ուստի եզրափակչում մրցում էին միայն 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից:
Ժյուրիի կազմում ընդգրկված ՏՏ ոլորտի փորձառու մասնագետների առջև նույնպես բարդ խնդիր էր դրված, քանի որ հայ դպրոցականները հանդես եկան բարդ և ստեղծագործական լուծումներով:
«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացան տարբեր անակնկալ մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:
Նշենք, որ «ԴիջիԿոդի» շրջանակներում հայ դպոցականներն աշխատում են «Scratch» (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ «Աղվես»-ը «Scratch» ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են նաև ռոբոտներ ծրագրավորելիս:
Մրցույթը զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման ունակությունները: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի, այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր են ստեղծում: Մրցույթը բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:
Հավելենք, որ «ԴիջիԿոդ» մրցույթին ներկա էր նաև Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի (WITSA) կրթության, դասընթացների և մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ դոկտոր Բորիս Կոմրակովը: WITSAն առաջատար կոնսորցիում է, որի անդամ են հանդիսանում ՏՀՏ ոլորտի միության անդամների ավելի քան 80 երկրներ: Այն նաև հանդիսանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպիչը: