Դիջիկոդ/Փետրվար 2017
Փետրվարի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
360 հայտերից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականները մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարենանից բարձր տարիքային խմբերում: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում:
Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել էր նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողներին որոշել են ՀՀ բոլոր մարզերի հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները իրենց վիդեոքվեարկությամբ:
ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից ստացել են դրամական պարգևներ, բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:
ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն: