ԴԻՋԻԿՈԴ/2019
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթին դիմել են 300-ից ավելի մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից և Ջավախքից: Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 55-ը՝ կրկին ներկայացնելով բոլոր մարզերը:
Առաջին անգամ ԴիջիԿոդում դպրոցականները մրցել են ոչ միայն Աղուէս/Scratch և Կրիայ/K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, այլև Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով: Ի դեպ, ժյուրիի անդամները մասնագիտական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրավորման լեզուներ տիրապետող արմաթցիների նկատմամբ: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մրցույթի մասնակիցները հանդես են եկել առավել օպտիմալ լուծումներով:
Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Արցախի ԱՏՏԿ-ի արմաթցի սան Քրիստիան Ալեքսանյանն իր «Հայ զինվոր» խաղով եւ Սեւանի ավագ դպրոցի սաներ Արայիկ Գաբրիելյանն ու Շահեն Հակոբյանն համատեղ ստեղծած «Unknown Soldier» խաղով:
Կրիայ/K-turtle ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցի սան Էդգար Հարությունյանն իր «3D ուղղանկյունանիստ պտույտ» նախագծով:
Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին են արժանացել համապատասխանաբար Գանձակի թիվ 1 դպրոցի սան Թորգոմ Միսակյանը «Արդուինո լաբորատորիա» եւ Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի սան Արամ Խաչատրյանը «Ուրախ ֆիզիկա» նախագծերով:
Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Տիգրան Խաչատրյանն իր «Բու» խաղով հաղթել է «Լավագույն գծագրություն եւ դիզայն» անվանակարգում:
Python ծրագրավորման լեզվով «Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու «Ընտանիք կենտրոնի» արմացթի սան Սահակ Սահակյանն իր «Sahak’s bot» ծրագրով: Միեւնույն անվանակարգում 2-րդ եւ 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թալինի ավագ դպրոցի սան Ռոման Մխիթարյանը՝ «CarinSpider» եւ «Երևան Իմ Սեր» կենտրոնի արմաթցի սան Գրիգոր Մաղզանյանը՝ «RFID camera security» նախագծերով:
Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են դրամական պարգեւի։ Ucom ընկերությունը, առանձնահատուկ խրախուսելով դպրոցահասակ արմաթցիների Python ծրագրավորման լեզվի իմացությունը, որպես մրցանակ պլանշետներ է նվիրել այդ անվանակարգի լավագույն եռյակին:
Հայաստանի ամերիկյան համալսարանն էլ դրամական պարգև է սահմանել հաղթանակի արժանացած դպրոցականների խմբավարների համար:
Ամբողջական նկարները տեսնելու համար՝ https://newsroom.aua.am