Արմաթ Տեխնոճամբար/2019
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հուլիսի 1-19-ն անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոճամբար, որի առաջին մասը նախատեսված էր 10-13, իսկ երկրորդը՝ 14-17 տարեկան երեխաների համար։ Ընդհանուր առմամբ ճամբարը հյուրընկալեց ավելի քան 400 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից։ Ճամբարին մասնակցող աշակերտների թվում կային նաեւ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ժամանած պատանիներ։
Առաջին հոսք (10-13 տարեկան երեխաներ)
Առաջին հոսքի մասնակիցները սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սև գծին հետևող ռոբոտ։
Տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետևող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Ucom ընկերության ներկայացուցիչները և պարգևատրեցին դպրոցականներին խրախուսական նվերներով: Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ, իսկ լավագույնները՝ էլեկտրական սկուտերներ։ Թիմը ղեկավարող ջոկատավարը ստացավ պլանշետ: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամներին տրվեցին սմարթ ժամացույցներ, իսկ ջոկատավարին՝ պլանշետ:
Երկրորդ հոսք (14-17 տարեկան երեխաներ)
200-ից ավել աշակերտ և 13 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարի 2-րդ հոսքին։ Երկրորդ հոսքի մասնակիցները սովորեցին RaspberryPi հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ՝ օգտագործելով python ծրագրավորման լեզուն, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ, շարժիչների ղեկավարում, հեռաչափերի կիրառում, պոտենցիոմետր և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել եւ ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու Robotex Armenia մրցույթի չափանիշներին համապատասխանող եւ խնդիրներին լուծում գտնող ռոբոտ։
«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ եզրափակիչ մրցույթ, որի ընթացքում թիմերը պետք է լուծեին հետևյալ խնդիրները. ռոբոտը պետք է հետեւեր ճանապարհային հետագծերին, վերցներ պայմանական աղբարկղը և տեղադրեր այն ռոբոտի ձեռքի միջոցով, պայմանանական կայանում իրականացներ հատկացված վայրերում և անցներ լուսացույցով հագեցած խաչմերուկը՝ կանաչ լույսի առկայության դեպքում։ Խնդիրը պետք էր լուծել միայն ավտոմատ կառավարմամբ. թիմը մեկնարկից հետո չպետք է միջամտեր ռոբոտի կառավարմանը։ Օգտագործվել էին Arduino և Սեռոբ պլատֆորմաները, C++ ու Snap ծրագրավորման լեզուները։
Մրցույթին մասնակցած 13 թիմերից հաղթող ճանաչվեց 6-րդ թիմը, որի կազմում կային սաներ Ագարակի, Աշնակի, Արտենու, Ռանչպարի, Արագածի Արմաթ ինժեներեկան լաբորատորիաներից։ Թիմի պատրաստած ռոբոտը կարողացավ լուծել դաշտում առկա գրեթե բոլոր խնդիրները և հավաքեց ամենաշատ միավորները, ինչից հետո «UCom» ընկերության կողմից թիմի բոլոր անդամները ստացան խելացի ժամացույցներ։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Հայկ Սարգսյանն Աշնակից ստացավ էլեկտրական սկուտեր, իսկ թիմի խմբավարը ՝ ջոկատավար Սլավիկ Իսրաելյանը՝ պլանշետ։ Երկրորդ հորիզոնականում չնչին միավորների տարբերությամբ աչքի ընկավ 13-րդ ջոկատը, որտեղ հավաքված էին Արմաթի սաներ Նորատուսի ու Գավառի լաբորատորիաններից։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Վահե Դավթյանը «UCom» ընկերության կողմից ստացավ խելացի ժամացույց, իսկ թիմի մյուս անդամները 16GB USB stoarge հիշողության սարքեր ԱՏՁՄ կողմից։
Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային, սպորտային եւ ժամանցային բաղադրիչներ։ Կազմակերպվել է հայրենաճանաչությանն ուղղված արշավ դեպի Մաթոսավանք ու Ջուխտակ վանք, որն առաջնորդել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական ազգային պարեր Գագիկ Գինոսյանի հետ, ինչպես նաեւ ծանոթացան հետախուզական ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից կազմակերպվող «Ողջ մնալու արվեստ» դասընթացին: Երեխաներին այցելեց «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչը, ով «Շտիգեն Քիդս» ծրագրի շրջանակներում ներկայացրեց վերականգնվող էներգիայի վերաբերյալ դասախոսություն։
Ամբողջական նկարները տեսնելու համար -https://www.facebook.com