• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Պատմում է «Արմաթը». սովորող ուսուցիչ ընկեր Արմենը

20-08-2021

Որքան էլ պատմենք մեր խմբավարների նվիրվածության ու գաղափարական ամրության մասին, միայն օրինակներով կարող ենք հիմնավորել մեր «արմաթական» տեսակետը։ Այս պատմության շարժառիթը մայիսի 8-ին կայացած «Դիջիկոդ 2021» մրցույթն է, որի ավարտին մրցույթի գործընկեր Հայաստանի ամերիկյան համալսարանը որոշում կայացրեց սահմանել հատուկ «Լավագույն խմբավար» անվանակարգ և մրցանակ շնորհել։ 

Այս անգամ մրցանակի արժանացավ «Արմաթ» համայնքի սիրելի խմբավար Արմեն Մխոյանը, նույն ինքը՝ խմբարավարների հարազատ Մխոյանը, աշակերտների ընկեր Արմենը։

Դաստիարակություն ստանալով մանկավարժի ընտանիքում՝ Արմեն Մխոյանը յուրովի է գիտակցում այն մեծ պատասխանատվությունը, որը կրում է յուրաքանչյուր անգամ «Արմաթ» լաբորատորիա մտնելիս։ Նա մշտապես ձգտում է սովորեցնել իր սաներին միասին աշխատելու, միասին արարելու ու դժվարությունները միասին հաղթահարելու սկզբունքները՝ հիմքում դնելով միմյանց, ընտանիքի, հայրենիքի ու պատահական անցորդի նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Նույն այդ զգացումով է նա վերաբերվում իր աշակերտներին ու գործընկերներին։

«Մխոյանից շատ լավ հիշում եմ, երբ որ ասում էր՝ միտք ունեմ սովորել այս կամ այն հմտությունը՝ ընդամենը 3 ամսում սովորում էր, հմտանում ցանկացած ոլորտում՝ ինժեներական ծրագրերից մինչև լեզուներ։ Արմենի մոտիվացիան, կենտրոնացումը, աշխատասիրությունը, կամքի անսպառ ուժը ու կյանքի նկատմամբ դրական տրամադրվածությունը միշտ ինձ  հիացրել  ու ոգևորել են։ Արմենից ոչ միայն մասնագիտական գիտելիքներ եմ սովորել, այլ  նաև սովորել եմ դրական էմոցիաներով  ապրել, մարդկանց էլ ավելի սիրել», - նշում է «Արմաթ» ԻԼ Գյումրիի նախկին համակարգող Սոֆյա Հարությունյանը։ 

Տեխնոլոգիական մրցույթների, ճամբարներում ջոկերի միջև իրականացվող խաղերի ժամանակ ընկեր Արմենը փորձում է բացատրել, որ ամենակարևոր արդյունքը յուրաքանչյուր պահի ինքդ քեզ հաղթահարելն է, իսկ մեր «մրցակիցները» նրանք են, որ լավագույնս են օգնում ավելի լավը դառնալու պայքարում։ 

«Մխոյանը եզակի, բարի, խելացի անհատ է, arduino-ի շաման (ժպտում է Արտյոմը՝ անելով մի կատակ, որ գուցե հենց Արմենը հասկանա), Արմաթի լավագույն խմբավարներից։ Միշտ պատրաստակամ է օգնել, սատար կանգնել։ Նա սրտացավ է իր գործի ու շրջապատող մարդկանց նկատմամբ», - նշում է Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի «Արմաթ» ԻԼ խմբավար Արտյոմ Դադունցը։ 

Երեխաների հետ աշխատանքն Արմենի համար նաև մեծահասակների շրջանում սովորույթ դարձած կարծրատիպային մտածելակերպն ու սահմանափակումները ճեղքելու ճանապարհ է։ Նրա սաներն էլ հաճախ իր ուսուցիչներն են դառնում, որովհետև օգնում են իրավիճակները տեսնել բոլորովին այլ գույներով։ Այսպես էլ խմբավարի աշխատանքը դառնում է համագործակցություն, որն ուղղորդում է դեպի չտարանջատվող զարգացում՝ հանուն այն արժեքների, որոնց մենք հավատում ենք։

Շնորհավորում ենք ընկեր Արմենին իր մրցանակի կապակցությամբ՝ հավաստելով, որ նրա պատմությունը մեկն է այն 582-ից, որ արժանի են բարձրաձայնման։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից