Պատմում է «Արմաթը». մեր խմբավարների «Կայծը»
29-12-2020
Սիրում ենք նշել, որ «Արմաթ» համայնքի շարժիչ ուժը մեր խմբավարներն են, ովքեր ոչ միայն կրթում են արմաթցիներին, այլև իրենց իսկ փորձով մոտիվացնում են նրանց՝ արարելու, պայքարելու և կատարելագործվելու։ Հպարտության առիթներն իրենց սպասել չեն տալիս։
Այսօրվա պատմությունը թիմային աշխատանքի մասին է։ Իրենց գրանցած հաջողության մասին պատմում են Գյումրու ֆոտոն վարժարանի և թիվ մեկ ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավար՝ Էդգար Մանուկյանն ու Արթիկի շրջանի Սարալանջ գյուղի «Արմաթ»-ի խմբավար՝ Անի Փաշիկյանը։
Մեր բազմամյա գործընկեր «Դասավանդի´ր, Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում գործում է «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորը, որի միջոցով հիմնադրամն աջակցում է իրենց տեսլականին համահունչ նորարար գաղափարների և ազդունակ լուծումների իրագործմանը: 2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Կայծ»-ն անցկացրեց իր առաջին փիչինգ-մրցույթը։ Հաղթող ստարտափների ցանկում է նաև մեր խմբավարների նախագիծը՝ «EDUAR»-ը։
«Ծրագրին ծանոթացել եմ՝ շնորհիվ Շիրակի մարզի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Սոֆյա Հարությունյանի։ Որոշեցի դիմել՝ քանի որ ծրագիրն ուղղված էր կրթական ոլորտում բարեփոխումներին, իսկ ես երկար տարիներ աշխատելով կրթական ոլորտում (սկսած 2003 թվականից) և այստեղ բազում խնդիրներ տեսնելով՝ իմ փոքր լուման եմ ուզում ներդնել դրանց լուծման գործում։ Որոշեցի ստեղծել մի նախագիծ, որի միջոցով հնարավոր կլինի ժամանակակից տեխնոլոգիական և նորարար գործիքների (վիրտուալ իրականության VR/AR ակնոցների) միջոցով կազմակերպել արդյունավետ և որակյալ կրթական գործընթաց։ Դա հատկապես վերաբերում է STEM առարկաներին», - զրույցում նշեց Էդգարը։
Անին պատմեց, որ ծրագրի մասին իմանալուց հետո թիմում ընդհանուր քննարկում ունեցան, ինչի արդյունքում որոշեցին մասնակցել, փորձել՝ գուցե կարողանան որոշակի փուլ հաղթահարել… և ստացվեց։ Հարյուրից ավել դիմորդներից ընտրվեց շուրջ յոթանասուն մասնակից։
«Բավականին շատ փուլեր ենք անցել ու դեռ որոշ փուլեր էլ սպասվում են։ Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ մեր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների արդյունավետ օգտագործման, իսկ տեղ-տեղ նաև առկայության սուր խնդիր կա, ուստի որոշեցինք այս փուլում դեռ բնագիտական երեք առարկաների՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գործնական ուսումնասիրմանն ուղղված հարթակ ստեղծել։ Դրա միջոցով ապագայում հնարավոր կլինի լրացնել աշակերտների շրջանում փորձնական գիտելիքի պակասը։ Մենք ուզում ենք «EDUAR»-ով բարձրացնել երեխաների մոտիվացիան ու հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ»։
Ստորև կարող եք լսել Էդգար Մանուկյանի ելույթը մրցույթին և ծանոթանալ «EDUAR»-ին։ Ծրագրի ղեկավարը մեր խմբավար, տեխնոլոգիական գիտությունների թեկնածու, դասախոս, ինֆորմատիկայի ուսուցիչ՝ Էդգար Մանուկյանն է, տեխնոլոգիական մասով պատասխանատուն՝ Գյումրու «Բալատոն» արհեստական բանականության կրթական կենտրոնի հիմնադիր տնօրեն՝ Սավա Սավոյանը։ Հետազոտություններով ու համակարգմամբ զբաղվում է Շիրակի մարզի Սարալանջ գյուղում ինֆորմատիկայի ուսուցչուհի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար՝ Անի Փաշիկյանը, իսկ ֆինանսական մասի պատասխանատուն հասարակական ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետ՝ Անի Սիմոնյանն է։
Թիմը հաջորդ փուլում պատրաստվում է ժյուրիի քննարկմանը ներկայացնել պիլոտային պրոդուկտը։ Հաջողության դեպքում հետագայում նախագիծը կներկայացվի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հարցը դրվի հանրային քննարկման ու դիտարկվեն հարթակը կրթական ոլորտ ներդնելու հեռանկարները։
Հաջողություն ենք մաղթում մեր խմբավարներին ու իրենց թիմին։