ԻՏՁՄ-ն հովանավորում է Սևան Ստարտափ Սամմիթի հաղթողների մասնակցությունը ԴիջիԹեք 2017-ին
01-09-2017
Հայտնի են դարձել «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի՝ ստարտափների ոչ ֆորմալ ութօրյա հավաքի արդյունքները: Միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և համախմբել էր ավելի քան 1000 երիտասարդ ու ստեղծագործ պատանիների, ոլորտի լավագույն մասնագետների, վենչուրային կազմակերպությունների և պարզապես ՏՏ նորարությամբ հետաքրքրվող մասնակիցների:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով նաև ժյուրիի կազմում էր, բարձր է գնահատում այսօրվա երիտասարդների եռանդն ու ստեղծագործականությունը ՏՏ ոլորտում, ինչը իր անմիջական դրական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
ԻՏՁՄ-ն, գնահատելով ինովացիոն գաղափարների դերը ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում և մշտապես սատարելով ստարտափների զարգացմանը, «Սևան Ստարտափ Սամմիթի» մրցանակակիրներին տրամադրել է արտոնյալ պայմաններ «ԴիջիԹեք 2017» տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի մասնակցության համար: Այսպիսով` «Սևան Ստարտափ Սամմիթի» մրցանակակիրներն իրենց ստարտափները հանրությանը կներկայացնեն սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվելիք «ԴիջիԹեք 2017»-ին:
Կարեն Վարդանյանը գոհունակությամբ նաեւ նշում է, որ Միության կողմից ռազմավարական նշանակություն ունեցող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «Բաց խաղ» առաջնության և տեխնոլոգիական ճամբարների սաները կրկին (Գուրգեն Հայրապետյան, Գևորգ Հովհաննիսյան, Նաիրի Հարությունյան) պատվով ներկայացան ՏՏ ոլորտի հերթական միջոցառմանը. ԻՏՁՄ կրթական ծրագրերի սաները «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի լավագույն մրցանակակիր գաղափարների հեղինակների և թիմերի շարքում են:
Նշենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ն անցկացվել է հուլիսի 24-31-ը Սևան ազգային պարկում: Մասնակիցները լսել են արտերկրի և Հայաստանի տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների դասախոսությունները, հաջողության պատմությունները և այլն: Մրցանակային ֆոնդը կազմում էր 45.000 ԱՄՆ դոլար: